14 June, 2023

Երուանդ Ֆնտքեան (1894-1978)

Շուրջ եօթը տարի առաջ (1978 Յունիս 14-ին), բաւականին առաջացած տարիքում, իր մահկանացուն կնքեց Հ. Յ. Դաշնակցութեան խոնարհ նուիրեալներից՝ Երուանդ Ֆնտքեանը, որը իր կենդանութեան՝ միշտ խուսափեց փառքից, աթոռից ու պաշտօնից, եղաւ համեստների համեստը, մինչեւ այն աստիճան, որ ըստ Վ. Նաւասարդեանի՝ նրա համեստութիւնը հասնում էր անհամեստութեան...

Երբեք չգնաց աթոռի ետեւից, այլ՝ միշտ աթոռը եկաւ նրան փնտռելու՝ որպէս արժանաւորի, որպէս նուիրեալ համեստի:

Կեանքում միշտ եղաւ բարի, ազնիւ, ընկերասէր, դէմքին միշտ ժպիտ, սրտում մի անթեղած հուր, պատրաստ բռնկելու՝ երբ իր պաշտած կազմակերպութեան դէմ, իր ժողովուրդի շահերին խոտոր գնացող ամենափոքրիկ ոտնաձգութիւնը նկատէր: Եւ խորհել, որ այս Քրիստոսատիպ անձի հոգում կուտակուած էր մի ամեհի հուր, որի պոռթկման դէպքում կարող էր վրէժի վերածուել ու գետին փռել իր ժողովուրդի դահիճներին ու մարդակերպ բորենիներին...

Երուանդ Ֆնդքեանը, միակ վերապրողը իր բազմանդամ ընտանիքից, որոնք զոհ էին գնացել թիւրքական նախճիրին, յաւիտենականութեան գիրկն անցաւ հայրենիքի կարօտը սրտին, աչքերը յառած մասիսների ստուերին, ականջալուր Արաքսի յորձանքին, ինչպէս ինքը՝ Երուանդն է գրել իր կենսագրականի մէջ.- «Միակ փափաքս է անգամ մը եւս ըլլալ Երեւան, տեսնել Արարատն ու Արագածը, Արաքսի պղտոր ջուրերուն երգը լսել եւ տեսնել հայրենի հողերուն միացումն ու ամբողջացումը»:

Ճակատագիրը յաճախ անողոք է յատկապէս համեստ ու խոնարհ նուիրեալների նկատմամբ, որոնք գերադասում են միշտ մնալ վարագոյրի ետեւ, եւ գործել ու տքնել լուռ եւ անաղմուկ:

Երուանդի նկատմամբ այդ ճակատագրական անողոքութիւնը եւ մինչեւ իսկ թերագնահատումը կատարուեց: Մեր ազգային-հասարակական կեանքում նման երեւոյթներ շատ են պատահում: Երուանդը ո՛չ առաջինն էր եւ ո՛չ էլ վերջինը պիտի լինի: Հ. Յ. Դաշնակցութեան շարքայինը կամ գործիչը երբեք շքանշանի ակնկալութիւն չպէտք է ունենայ իր զոհաբերութեան ու նուիրուածութեան համար: Բայց անտեսումը եւս չափու սահման ունի, երբ անցնում է սահմանը՝ դառնում է արհամարհանք: Մէկ բան՝ որ արդէն հանդուրժելի չէ: Երուանդի հոգին անկասկած պիտի խռովի, պիտի անհանգստանայ՝ ի լուր այս մատնանշումի, որովհետեւ ինքը պիտի գերադասէր անդենական աշխարհում եւս մնալ աննկատ ու աննշմար, մանուշակի պէս թագնուած միւս բոյսերի ու ծաղիկների ստուերի տակ...

Երուանդ Ֆնդկեանը ծնուել է Տրապիզոնի մօտ գտնուող Կրոպ գիւղում, 1894-ի Ապրիլ 24-ին: Գիւղից տեղափոխուելով Տրապիզոն, մանուկ Երուանդը յաճախել է տեղի հայկական դպրոցը մինչեւ 8-րդ բաժանմունք: Այնուհետեւ մէկ տարի սովորել է տեղի ֆրանսական եւ մէկ տարի էլ թիւրքական միջնակարգ դպրոցներուն:

1910-ին մտել է մեր իրականութեան մէջ մեծ հռչակ եւ հմայք վայելող՝ Էջմիածնի Գէորգեան Ճեմարանը, որի դասարանական բաժինը աւարտել է 1914-ին: Նոյն տարին որոշած էր, որ նա անցնի Ժընեւ՝ համալսարանական ուսման հետեւելու համար, բայց Առաջին Համաշխարհային Պատերազմի բռնկման եւ Թուրքիոյ պատերազմի մէջ մտնելու հետեւանքով նրա բոլոր ծրագիրները ջուրն են ընկնում:

Վրայ են հասնում 1915-ի արհաւիրքի օրերը: Երուանդը կորցնում է իր ընտանիքի գրեթէ բոլոր անդամներին: Մինչեւ ռուսական բանակների մուտքը Տրապիզոն, մի խումբ ընկերների հետ ապաստանելով լեռները, յաջողում է ազատուել ստոյգ մահից: Այնուհետեւ, Տրապիզոնը վերագրաուում է թիւրքերի կողմից, եւ այդ օրերին միացած մի խումբ կամաւորների հետ, Բաթում-Թիֆլիս գծով անցնում է Կարս, Սարիղամիշ եւ Կարաուրկան, մսանակցելով մի շարք կռիւների, մինչեւ Ալէքսանդրապոլի գրաւումը Թուրքերի կողմից:

Եղել է Զեմլեակի ձիաւոր զօրամասի մէջ, անցել է հիւսիսային Կովկաս եւ հետագային Միսակ Թորլաքեանի հետ վերադարձել է Բաթում Հայաստան անցնելու համար:

Կանգնած՝ Երուանդ Ֆնտքեան, Միսաք Կիրակոսեան (Երկանեանի հետ Խան Խոյսկին եւ Խան Մամեդովը ահաբեկողը)
Նստած ձախէն՝ Արամ Երկանեան, Գրիգոր Ամիրեան, Միսաք Թորլաքեան

Թիֆլիսի Կեդրոնական Կոմիտէի հրահանգով՝ Երուանդը իր մասնակցութիւնն է բերել նոյն քաղաքում տեղի ունեցած ահաբեկումներին, որոնց մէջ յիշատակութեան արժանի է Սաֆարովի ահաբեկումը, որ ընկնում է Երուանդի գնդակով: Հետագային, Միսակ Թորլաքեանի հետ, ահաբեկման են ենթարկում Ջիւանշիրին:

Տրապիզոնի հայութեան ջարդարար Ջեմալ Ազմիի ահաբեկման պարտականութիւնը եւս յանձնւում է Երուանդին եւ Թորլաքեանին, բայց հետագային այդ գործը փոխանցուում է Արշաւիր Շիրակեանին, մեծ վիշտ ու վիրաւորանք պատճառելով Երուանդին:

Նա այդ մասին յատուկ տողեր ունի իր ինքնակենսագորթւեան մէջ.- «Այս վերաբերումը չեմ մոռցած ու չեմ ներած երբէք այդ օրերու իմ մեծերուն, որոնք հետագային չքմեղանքի զանազան պատճառաբանութիւններով «մխիթարեցին» զիս»...

Երուանդը վիրաւորուած էր իր «այդ օրերու» ղեկավարներից, որոնք թոյլ չէին տուել, որ նա գնար եւ իր կեանքը վտանգէր... Ի՜նչ նուիրում եւ պատրաստակամութիւն դէպի մահ քայլելու, ի՜նչ վճռակամութիւն...

Պոլիսը Մուստաֆա Քէմալի կողմից գրաուուելու նախօրեակին Երուանդը անցնում է Ռումանիա եւ յաջորդ տարին մեկնում Չեխոսլովակիա, եւ աւարտում Պրագայի համալսարանի քիմիաբանութեան ճիւղը: Հայ ազատագրական պայքարի անմահանուն հերոս՝ անկրկնելի Դրոյի հրաւէրով Երուանդը Պրագայից վերադառնում է Ռումանիայի Պլոյեշտ քաղաքը, որտեղ ութ տարիներ աշխատում է մեծահարուստ Ղուկասովների քարիւղի զտարանի մէջ: Մօտ երկու տարի ապրելով Դրոյի հետ, Երուանդը ամբողջովին հմայւում է այդ մեծ հայի յեղափոխական շնչով եւ այդ օրերի յուշերը միշտ անմեռ են մնում Երուանդի հոգու եւ սրտում՝ մինչեւ իր մահը:

Իբրեւ քարիւղի ճարտարարուեստի մասնագէտ՝ Երուանդը 1938-ին ընտանիքով անցնում է Պարսկաստանի Աբադան քաղաքը՝ Անգլօ-Իրանեան նաւթային ընկերութեան մօտ պաշտօնավարելու՝ որպէս քիմիագէտի: Տասնեւհինգ տարիներ Աբադանում պաշտօնավարելուց յետոյ, հանգստի կոչուած՝ Երուանդը անցնում է Թեհրան 1953-54-ին եւ հաստատուում այնտեղ, եւ վերջնականապէս փոխադրուում Միացեալ Նահանգներ՝ 1958-ին:

Երուանդը իր պատանի հասակից, 1908-ից, մտել է Հ. Յ. Դ.-ի շարքերը, եղել է Կենտրոնական եւ Մեկուսի Կոմիտէների անդամ, երկու անգամ՝ 1957-ին եւ 1963-ին մասնակցել է Հ. Յ. Դ.-ի Ընդհանուր Ժողովներին, իսկ Թեհրան եղած ժամանակ վարել է Հ. Յ. Դ.-ի Գերագոյն Մարմնի ներկայացուցչի պատասխանատու հանգամանքը մինչեւ իր Ամերիկայ փոխադրուելը:

* * *

Հայ Յեղափոխական Նեմեզիդայի լիակատար պատմութիւնը գրելու դէպքում անկասկած Երուանդ Ֆնդքեանը պիտի ունենայ իր ուրոյն տեղը՝ հայ անձնուրաց հերոսների փաղանգին պատկանող՝ Թեհլիրեանի, Թորալքեանի, Երկանեանի, Շիրակեանի, Ծաղիկեանի, եւ միւս անյայտ անձնուրացների շարքում, իսկ հետագային, մեր ազգային երազները իրականութիւն դառնալուց յետոյ, նրա աճիւնները եւս, ի շարս այլ նուիրեալների, պիտի տարուեն հեռաւոր Ամերիկայից, հանգչելու մայրենի հողում, այն հողում՝ որի համար այդ արի հերոսները չխնայեցին ոչինչ, պատրաստ եղան քայլելու դէպի մահ՝ գիտակցաբար եւ կամաւոր կերպով:

Նուիրեալ Խումբ մը Ընկերներ (Ուոշինկթըն)
«Հայրենիք», Պոսթոն
Երեքշաբթի, Յուլիս 30, 1985
90րդ Տարի, Թիւ 42,713