Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Խորը ցաւով կարդացինք «Յուսաբեր»ում, «Յառաջ»ից առնւած լուրը, որ Նոյեմբեր 6ին, առաւօտեան ժամը 2-ին, Լիւնժիմոյի հիւանդանոցում, կարճատեւ հիւանդութիւնից յետոյ, կնքել է իր մահկանացուն մեր վեթերան ընկեր Գ. Բալայեանը: ... Ողբացեալ ընկերը մահացել է Նոյեմբեր 6-ին, իսկ մենք տեղեկանում ենք «Յուսաբեր»ից Նոյեմբեր 25-ին:
Հանգուցեալը ծնւել է Ղարաբաղի Շուշի քաղաքում 1880 թ. աւարտել է Շուշւայ քաղաքային դպրոցը: Երիտասարդ հասակից անդամագրւել է Հ. Յ. Դաշնակցութեան:
Նա եղել է Կոմիտէի անդամ. Հայ-թաթարական կռիւներին 1905 թ. վարել է Շուշւայ ինքնապաշտպանութեան 5րդ շրջանի շրջանապետի պաշտօնը: Թոքերի հիւանդութեան պատճառով 1907 թ. մեկնում է Ժընեւ՝ բժշկւելու համար:
Վիեննայում գումարւում է կուսակցութեան 5-րդ ընդհանուր ժողովը. ընկ. Գերասիմը մեկնում է Վիեննա՝ մասնակցելու ընդհանուր ժողովին, որն աւարտելուց յետոյ վերադառնում է Բագու:
1909 թ. Արտաշէս Մելքոնեանի հետ միասին կազմակերպում են կամաւորական մի խումբ ու ճանապարհւում Թաւրիզ՝ մասնակցելու Պարսկաստանի յեղափոխական կռիւներին: Պարսկաստանի կռիւներից յետոյ, ընկ. Գերասիմը վերադառնում է Բագու եւ անցնում Շուշի:
Շուշիում զբաղւում է կուսակցական գործունէութեամբ: Տեղի է ունենում մի ահաբեկում, որի հետեւանքով, ցարական ոստիկանութեան կողմից, Գերասիմը ենթարկւում է կասկածի ու ձերբակալւում է մի քանի ընկերների հետ:
1910 թ. Ապրիլի վերջերին, Գ. Բալայեանը աքսորւում է Սամարղանդ (Անդրկովկասեան երկիր):
Սամարղանդում 2-3 ամիս ապրելուց յետոյ, Գ. Բալայեանին փոխադրւում են Նովոչերկասկի բանտն՝ ուր արտակարգ գործերի քննիչ, տխրաճռչակ Լըժինի կարգադրութեամբ, կենտրոնացւում են Անդրկովկասեան քաղաքների բանտերից, բանտարկւած դաշնակցականներին՝ ընդհանուր դատավարութեան համար:
Նովոչերկասկի անտում երկար մնալուց յետոյ, բարձրագոյն հրամանով, կազմակերպւում է Պետրոգրադում բարձրագոյն ատական ատեան՝ նախագահութեամբ սենատոր Կրիվցովի:
Նովոչերկասկի բանտում կենտրոնացւած բոլոր դաշնակցականներին փոխադրում են Պետրոգրադ: Այս պատմական դատավարութիւնը տեղի է ունենում: Դատարանը վճիռ է արձակում: Բանտարկւած ընկերների մի մասը աքսորւում են Սիբիր՝ ուր անց պիտի կացնէին իրենց կեանքի մնացորդը: Մի երկրորդ մասն էլ դատապարտւում է ժամանակաւոր բանտարկութեան, իսկ վերջին մասը՝ ազատ է արձակւում:
Այդ ազատ արձակւածների մէջ էր մեր ողբացեալ ընկ. Գերասիմը, որը 1913 թ. վերադառնում է Բագու:
1914 թ. պայթեց ռուս-տաճկական պատերազմը. ռուս բարձրագոյն իշխանութեան «խոստմնաւոր» թելադրութեամբ, կազմակերպւեց հայկական կամաւորական բանակ: Ընկ. Գերասիմը մասնակցում է կամաւորական բանակի կռիւներին, որպէս հրամանատար Իշխանի (Յ. Արղութեան) օգնական: Նա առաջին շարքերում, կամաւորական խմբի հետ մտնում է Վան, անսահման խանդավառութիւն պատճառելով ապստամբ Վանի հերոսական ժողովրդին: Այնուհետ, Իշխանի հրամանատարութեան տակ մարտնչող զօրախմբի հետ մասնակցում է բոլոր կռիւներին:
Ոտքի ձախէն՝ Սիմոն Վրացեան, Գարեգին Փաստրմաճեան (Արմէն Գարօ), Սարգիս Մեհրապեան (Խանասորայ Վարդան), Արտաշէս Յովսէփեան (Մալխաս), Կոստեայ Համբարձումեան (Կոստի, Ուխտաւոր), Արտուշ Աւետեան, Գնդապետ Եգոր Տէր Աւետիքեան Նստած ձախէն՝ Գերասիմ Բալայեան, Ստեփան Տէր Մկրտիչեան, Արշակ Գաւաֆեան (Քեռի), Յովսէփ Արղութեան (Իշխան), Միքայէլ Վարանդեան Պառկած ձախէն՝ Համազասպ Սրուանձտեան, Արամ Մանուկեան, Միշա Արզումանեան (Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին) |
1916 թ. ապերախտ ռուսական կառավարութեան կարգադրութեամբ, կամաւորական բոլոր զօրախմբերը՝ կազմալուծւում ու ցրւում են: Գերասիմը վերադառնում է Բագու՝ ուր էլ զբաղւում է կուսակցական գործունէութեամբ:
Ռուսաստանում պայթում է բոլշեւիկեան,- հայերիս եւ աշխարհի համար,- աղէտաւոր յեղափոխութիւնը, որի հետեւանքով, բոլշեւիկները տիրում են պետական իշխանութեան եւ պարագլուխ Լենինն անցնում է իշխանութեան գլուխ: Յեղափոխական ալիքը յորձանք է տալիս ռուսաստանից դէպի Կովկաս.- Բանւորական հոծ զանգւածները նաւթաշխարհում, սկսում են խլրտալ: Բագւում գործող յեղափոխական կուսակցութիւնները, ոգի ի բռին պայքարում են, տապալւած միապետական վարչակարգը փոխարինելու ժողովրդավարական վարչակարգով:
Կազմակերպւում է բանւորական եւ զինւորական խորհուրդ, որ հանդիսանում է Բագւի իշխանութիւնը:
Տաճկաստանն օգտւելով, Լենինի հրամանով քայքայւած ռուսական զօրաբանակների անկարգ ու խուժանավարի նահանջից, կրնկակոխ հետապնդում են նրանց եւ գրաւում, ռուսական ռազմաճակատում լքւած միլիարդների արժողութեամբ ռազմագոյքերը:
Տաճիկները շարժւում են դէպի Բագու եւ պահանջում Բագուն յանձնել Ադրբէջանին, որի ղեկավարն էր «Մուսավաթ» կուսակցութիւնը:
Բագւի յեղափոխական իշխանութիւնը զօրակոչի է ենթարկում զէնքի ընդունակ բոլոր տղամարդկանց – առանց տարիքի խտրութեան, կազմակերպւում է զօրաբանակ, բաղկացած 30 գումարտակներից: Գերասիմ Բալայեանը կազմակերպում է մի գումարտակ եւ իր հրամանատարութեամբ՝ դիմում է Բագուն պաշտպանող ռազմաճակատի օգնութեան:
Մարտ ամսից 1918 թւից մինչեւ Սեպտեմբեր 13-ը տեղի են ունենում պատերազմական գործողութիւններ Տաճկաստանի եւ Բագւի յեղափոխական զօրաբանակների միջեւ...
1918 թ. Շուշին ապրում էր օրհասական վիճակ, իշխում էր Ադրբէջանի նահանգապետ դոքտ. Խ. Բ. Սուլթանովը: Նա, մեծապէս ճնշում էր հայ ժողովրդին, պահանջելով, որ ընդունի Ադրբէջանի իշխանութիւնը:
Տաճկաստանը Սեպտեմբերի 13-ին գրաւելով Բագուն, հովանաւորում էր Ադրբէջանի տիրակայութիւնը Ղարաբաղում եւ այլուր:
Բագւի Հ. Յ. Դ. Կ. Կոմիտէի հրահանգով, ընկ. Գերասիմը եւ Լ. Զառաֆեանը գործուղղւում են Շուշի՝ զօրավիգ լինելու Շուշւայ ընկերներին:
Նահանգապետ Խ. Բ. Սուլթանովը, անգլիացիների միջոցով՝ Գ. Բալայեանին եւ Լ. Զառաֆեանին, զրահապատ մեքենայով ճամբում է Բագու:
1919 թ. տեղի էր ունենալու ազատ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, կուսակցական Ընդհանւոր Ժողով (ՀՅԴ 9րդ Ընդհ.Ժողովը), Բագւից մի շարք ընկերներ մեկնեցին Երեւան՝ թէ Ընդհանուր Ժողովին մասնակցելու եւ թէ ծառայելու ազատագրւած հայրենիքին: Այս ընկերների հետ էր ընկ. Գերասիմը, որը Երեւանից մեկնում է Գորիս (Զանգեզուր) որտեղից պիտի աջակցէր Շուշւայ ընկերնեիրն:
Գորիսի Հ. Յ.Դ.-ն կենտրոնական մարմնի եւ Հայաստանի ներկայացուցիչ գնդապետ Ա. Շահմազեանի խորհրդակցութեամբ Գերասիմը մտցւում է գոյութիւն ունեցող Շրջանային խորհրդի կազմի մէջ, որպէս խորհրդատու անդամ: Շրջանային խորհրդի (ազգային) որոշմամբ Գերասիմը նշանակւում է ներքին գործերի վարիչ, որին ենթարկւում է Միլիցիան եւ շարունակում է գործել այդ մարզում:
Ազատագրւած Հայաստանի խորհրդարանի պատգամաւորների ընտրութիւններն էին տեղի ունենում՝ Գերասիմն ընտրւում է խորհրդարանի պատգամաւոր և մեկնում է Երեւան: Հայաստանի կառավարութիւնը Գերասիմին նշանակում է Դարալագեազի (Վայոց Ձոր) արտակարգ կոմիսար. նա մեկնում է իր պաշտօնավայրը եւ ստանձնում իր պաշտօնը: Այս պաշտօնում մնում է մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը. Հայաստանի խոխհրդայնացման հետեւանքով, բոլշեւիկներն աճապարում են վերահաստատելու իրենց իշխանութիւնը Դարալագեազում:
Գերասիմը նկատւում է, որպէս հակաբոլշեւիկ, անհանդուրժելի է համարւում բոլշեւիկների կողմից, որի դէմ սկսւում են բոկշեւիկեան նենգամիտ հետամտութիւնները: Այլեւս պարզոււմ է Գերասիմի համար, որ իրեն պիտի ձերբակալեն,- որոշում է հեռանալ Դարալագեազից:
Վերը ձախէն աջ՝ Լ. Գեւոնեան, Շաւարշ Միսաքեան, Սահակ Տէր Թովմասեան Նստած ձախէն աջ՝ Գերասիմ Բալայեան, Սիմոն Վրացեան Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Մի գիշեր, գաղտնի ճանապարհով, Քեշիշքեանդից աննկատ անցնում է Զանգեզուր: Փետրուարեան ապստամբութեան հետեւանքով փրկւած Հայաստանի ընտրանին, նահանջեց Զանգեզուր, որի հետ Գերասիմն էլ՝ Մեղրիի վրայով – անցաւ Արաքսը եւ ապաստանեց Թաւրիզ Յուլիսի սկզբներին, 1921 թ.:
Մեր համբոյրն օտար հողում հանգչող, ազգային յեղափոխական գործչի անմոռաց շիրիմին: